Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captեռure
A A
Քաղաքականություն

Դեմոկրատ օրենսդիրները մտահոգ են՝ ԱՄՆ արտաքին օգնության սառեցումը կարող է անդառնալի վնաս պատճառել Վաշինգտոնին

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամները հայտարարել են, որ Թրամփի վարչակազմի կողմից ամերիկյան արտաքին օգնության սառեցումը կարող է անդառնալիորեն վնասել Ամերիկայի անվտանգությունն ու դիրքերին ողջ արտերկրում:

Բազմաթիվ երկրներում, որոնք տասնամյակներ ստանում էին ամերիկյան օգնությունը, անորոշություն է, քանի որ Վաշինգտոնում, ինչպես հայտնի է, որոշել են վերանայել արտաքին աջակցության ծրագրերը։

«Կորցնում ենք տասնամյակների փորձն ու խորը կապերը, մոլորակի ամենավտանգավոր և հեռավոր վայրերում արդյունավետ կերպով միջամտելու հնարավորությունը, և դավաճանում ենք մեր գործընկերներին, ովքեր վտանգել են իրենց՝ իրենց իսկ համայնքներում և երկրներում, քանի որ հրապարակավ աշխատել են մեզ հետ»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:

Քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ արտաքին օգնությունը կազմում է ԱՄՆ ողջ պետբյուջեի մեկ տոկոսից էլ պակաս:

Refugees International-ի նախագահ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախկին աշխատակից Ջերեմի Կոնինդիքն ասել է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտնվել է ապատեղեկատվության համաձայնեցված արշավի թիրախում, որը գլխավորում է Իլոն Մասկը, և [այդ արշավը] աջակցություն է ստանում Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Նրանք գործի են դրել կեղծիքի մի շղթա՝ զրպարտելու գործակալությունը, որի առաքելությունը կարևոր է՝ աշխարհում Ամերիկայի շահերն առաջ մղելու համար»:

Հանրապետական օրենսդիրները պաշտպանել են միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության նախարարության (DOGE) աշխատանքը՝ նշելով, թե խարդախությունն ու վատնումը դադարեցնելու քայլերը վաղուց ուշացած են:

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հիասթափեցրեց բոլորիս: Պաշտպանել եմ «փափուկ ուժը»՝ այստեղ գտնվելու ողջ ընթացքում, բայց այն, ինչ տեսել եմ, հիասթափեցնում է»,- ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Խոսել է նաև Իլոն Մասկը. «Ուղղակի չենք գնում և անում, ինչ ցանկանում ենք։ Ո՛չ։ Աշխատում ենք գերատեսչությունների ղեկավարների հետ։ Կանոնավոր կերպով խորդակցում եմ նախագահի հետ, որպեսզի համոզվեմ, որ նախագահը ցանկանում է, որ դա տեղի ունենա»:

Ինչևէ, հայտնի է, որ նշված ծրագրերով ավելի քան 100 հազար աշխատատեղ է ստեղծվել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հազարավոր աշխատակիցներից մեկը, ով անսպասելիորեն զրկվել է աշխատանքից, ասել է, թե ԱՄՆ օգնության նույնիսկ ժամանակավոր դադարեցման հետևանքները երկարատև կլինեն:

«Աշխատում ենք՝ ոչ թե ստիպելով մարդկանց հարգել Ամերիկան, կամ մարդկանց ասելով, որ նրանք ունենան որոշակի արժեքներ, այլ աջակցելով նրանց այնպես, ինչպես իրենց պետք է»,- ասել է նա:

Ամերիկյան հասարակական մի շարք կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցները սառեցնելու համար՝ նշելով, թե նման քայլը հակասահմանադրական է:

Հանրապետականների խոսքով՝ Թրամփը պարզապես գործադրում է իր լիազորությունները: