Բացել լրահոսը Փակել լրահոսը
01-20250227_145352
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Միացյալ Թագավորության պատվիրակության հետ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները հայ գործարար համայնքի վրա

Փետրվարի 27-ին Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատժամիջոցների տարածաշրջանային համակարգող Ալեքսանդր Ջեյմսը Միացյալ Թագավորության պատվիրակության հետ այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը հայ գործարար համայնքի գործունեության վրա և դրանց ստեղծած մարտահրավերները։Հայտնում է  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալեքսանդր Ջեյմսը նշեց, որ իրենց այցը Երևան հիանալի հնարավորություն է քննարկելու պատժամիջոցների ազդեցությունը տնտեսության վրա, լուծուներ գտնելու առկա մտահոգությունների համար, ուսումնասիրելու բացասական հետևանքները բիզնեսների վրա և դրանք մեղմելու հնարավորությունները, գտնելու համագործակցության նոր եզրեր։

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրեց այն իրողությունները և միտումները, որոնք Հայաստանում արձանագրվել են Ռուսատանի նկատմանբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։ Նրա խոսքով՝ ազդեցությունը եղել է թե՛ դրական, թե՛ բացասական։ Մի կողմից արձանագրվել է ՌԴ–ից բազմաթիվ ընկերությունների և բարձրակարգ մասնագետների տեղափոխություն դեպի Հայաստան, ինչն իր հերթին հանգեցրել է տնտեսության մի շարք ճյուղերի ակտիվացմանը, ֆինանսական լրացուցիչ զգալի հոսքերի, ապրանքաշրջանառության և արտաքին առևտրի ծավալների մեծացման։ Մյուս կողմից սահմանափակվել է շատ ընկերությունների, ֆինանսական կառույցների գործունեության շրջանակը՝ հանգեցնելով լրացուցիչ խնդիրների։

Հյուրերը ծանոթացրին Լոնդոնի Արտաքին համագործակցության և զարգացման գրասենյակի գործունեությանը։ Անդրադարձ եղավ համատեղ այն ձեռնարկներին ու առաջնահերթություններին, որոնք միտված կլինեն նվազագույնի հասցնելու պատժամիջոցների անցանկալի հետևանքները, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիային, կայուն տնտեսական գործունեությանը, եվրոպական տնտեսության հետ ինտեգրմանը։

ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարևորեց մեզանում եվրոպական գործարար մշակույթի ընդլայնմանը միտված քայլերը, Հայաստանում արևմտյան արաջատար ընկերությունների ներկայությունը, համանման շփումներն ու քննարկումները։

ՀԱԳՄ ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։