Պետական պարտքը ավելացել է 6,2%-ով եւ կազմում է շուրջ 12․8 միլիարդ դոլար կամ 5 տրիլիոն ՀՀ դրամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 95.8 տոկոս, իսկ ծախսերի կատարողականը՝ 93.9 տոկոս։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Նախարարի խոսքով՝
-
հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կատարվել են 92.7 տոկոսով,
-
ծախսերը՝ 2023 թվականի համեմատ աճել են 16 տոկոսով,
-
իսկ եկամուտները՝ 9.3 տոկոսով։
Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարը նշեց, որ այն 2023 թվականի ավարտին կազմել է 5 տրիլիոն դրամ (մոտ 12.8 միլիարդ դոլար)՝ տարեսկզբի համեմատ աճելով 6.2 տոկոսով։
Միևնույն ժամանակ, պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ պահպանվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48.3 տոկոս, ինչը 0.1 տոկոսային կետով պակաս է, քան 2023-ին։
Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2024-ին կազմել է 23.6 տոկոս՝ 2023-ի համեմատությամբ նվազելով 0.45 տոկոսային կետով։ Սակայն նախարար Հովհաննիսյանը ընդգծեց, որ վերջին 7 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կայուն աճ է գրանցել՝ 20.8 տոկոսից հասնելով 23.6 տոկոսի։