Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-20250410_150544
A A
Տնտեսություն

Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում

Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը՝ ՀԱԳՄ–ում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 10-ին հյուրընկալվեց Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը։ Ինչպես նշեց կառույցի միջազգային գործընկերության գծով տնօրեն Սումայա Ալ Շամսին՝ Հայաստան իրենց առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ այն ուղղություններին, որոնցում կարելի է զարգացնել տնտեսական երկկողմ համագործակցություն։ Նրա հավաստմամբ՝ Դուբայը ներկայացնող գործարարների շրջանում մեծ է հայաստանյան ընկերությունների հետ գործակցության հետաքրքրվածությունը, ինչի նպատակով առաջիկա աշնանը նախատեսում են այստեղ կազմակերպել ներկայացուցչական միջոցառում երկու կողմերի տնտեսվարողների մասնակցությամբ։ Մինչ այդ կուսումնասիրվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, փոխգործակցության հնարավորությունները, ներդրումային ներուժը, իրավական դաշտը։ Այդ նպատակով պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ պատկան տարբեր կառույցների, գործարար համայքի ներկայացուցիչների հետ։

Դուբայի միջազգային պալատի կառուցվածքին ու գործունեության հիմնական ուղղություններին անդրադարձավ գործարարության խթանման միջոցառումների ղեկավար Ռանա Մոհամմեդը՝ հանգամանալի կանգ առնելով իրականացվող միջազգային ծրագրերի վրա։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաքելությունն ու գործունեությունը ներկայացրեց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Անդրադառնալով Հայաստանի և ԱՄէ–ի մինչև հաստատված տնտեսական կապերին` նա համոզմունք հայտնեց, որ առկա է դրանց հետագա զարգացման մեծ ներուժ։ Մասնավորապես որպես հեռանկարային ուղղություններ նշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, դեղագործական, էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության և այլ ոլորտները։

Կողմերը պայմանավորվեցին շփումները դարձնել պարբերական, հավաքագրել գործարար շրջանակների փոխադարձ հետաքրքրությունները, փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը, ՀՀ–ում ԱՄԷ դեսպանության տնտեսական հարցերի գծով պատասխանատու Մարիա Զալյանը, ԴՄՊ արարողակարգի և լոգիստիկայի ծրագրի ղեկավար Ղայե Ալ Շամսին։