Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, նաև դատելու են». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)

Հայտարարագիր չլրացնելու համար՝ տուգանք, իսկ հետո՝ բանտ. պատգամավորը դեռ պատասխան չի ստանում

ՀՀ քաղաքացիներին հարկային նոր «անակնկալ» է սպասվում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ եթե քաղաքացին չի լրացնում եկամուտների հայտարարագիրը, նրան կարող է սպառնալ ոչ միայն տուգանք, այլև՝ քրեական պատասխանատվություն։

Խամոյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրել է, որ փետրվարին հարց էր ուղարկել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին, որը պատասխանել էր՝

  • առաջին անգամ հայտարարագիր չներկայացնող քաղաքացին տուգանվում է 5–50 հազար դրամով,

  • երկրորդ անգամ՝ կրկնակի տուգանքով,

  • իսկ դրանով էլ ամեն ինչ ավարտվում է։

Սակայն պատգամավորը հարցը հստակեցնելու նպատակով գրավոր դիմել է ՊԵԿ, որտեղից ստացել է երեք էջանոց պատասխան օրենքի հղումներով։
Ամենաուշագրավ պահն այն էր, որ ՊԵԿ-ը նշել է, որ քրեական հետապնդման բացառման հարցը դուրս է իրենց իրավասություններից։

Խամոյանը պարզել է, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի մասին է, համաձայն որի՝ հայտարարագիր չներկայացնելը, կեղծ տվյալներ ներկայացնելը կամ թաքցնելը կարող է պատժվել մինչև 6 տարի ազատազրկմամբ։

Պատգամավորը հարցը հղել է նաև ՀՀ գլխավոր դատախազին, սակայն այնտեղից ևս հստակ պատասխան չի ստացել․ դատախազության պատասխանի համաձայն՝ հարցը դուրս է նրանց սահմանադրական լիազորություններից։

Խամոյանն ասում է․

«Երեք ամիս շարունակ ես մի պարզ հարցի՝ «Քաղաքացին կգա՞ բանտ, թե ոչ», պատասխան չեմ կարողանում ստանալ։ Իսկ քանի որ մեր երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ՝ վարչապետ Փաշինյանը, այժմ հենց իրեն եմ ուղղում հարցս ու սպասում հստակ պատասխան»։

Ի դեպ, հայտարարագիր ներկայացնելու ժամկետը վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական եկամուտ ստացողների համար սկզբում սահմանվել էր մինչև մայիսի 1-ը, իսկ հետագայում այն երկարաձգվել է մինչև նոյեմբեր։
Նախատեսված է նաև մինչև 100 հազար դրամի փոխհատուցում, եթե քաղաքացին կատարում է սոցիալական ծախս՝ առողջապահական ապահովագրություն կամ ուսման վարձ։