Զբոսաշրջությունը միավորում է հյուրանոցատիրոջն ու մեղվապահին․Tourism Fair Armenia 2025
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում հայտնի «Haterk Food»-ը գործունեությունը շարունակում է Հայաստանում։ Մարիամ Միրզախանյանը ընկերությունը ներկայացնում է Tourism Fair Armenia 2025 ցուցահանդեսին։ Ասում է՝ իրենց ընտանիքը մեղվապահությամբ զբաղվում է արդեն 145 տարի։ «Պապիկիս պապիկն էր եղել մեղվապահ, հետո պապիկս, հիմա մենք ենք իր գործը շարունակում»,- ասում է նա։
Քարվաճառի և Մարտակերտի կորստից հետո ընկերությունը տեղափոխվել է Հայաստան և արդեն երկու տարի է՝ գործում է երկրի տարբեր մարզերում։ «Կարողացել ենք այստեղ արդեն վերականգնվել ու ավելի մեծացնենք մեր արտադրությունը», - նշում է Մարիամ Միրզախանյանը՝ հավելելով, որ ընկերությունը արժանացել է 17 միջազգային մրցանակի՝ լավ բրենդինգի, փաթեթավորման, համի և որակի համար՝ «աշխարհի ամենահեղինակավոր մեղրի ու այլ բրենդների հետ մրցակցող ընկերությունների շարքում»։ Այսօր «Haterk Food»-ը արտադրում է 25-ից ավելի մեղրի տարբեր տեսակներ արդեն Հայաստանից։
Բրենդի հայտնիությունն առավել մեծացել է Արցախում անցկացված «Ժենգյալով հացի» փառատոնների շնորհիվ, որոնք, Մարիամի խոսքով, ամենամյա ձևաչափով կազմակերպել էր հենց իրենց թիմը։ ««Haterk Food»-ը հենց ներկայացրել ենք առաջին անգամ մեր իսկ կազմակերպված «Ժենգյալով հացի» փառատոնի ժամանակ՝ 2018թ․-ին», — հիշում է նա՝ նշելով, որ 2019թ․-ին փառատոնը արդեն 10000-ից 12000 այցելու էր բերել Հաթերք, ինչը «Հաթերքի, ամբողջ Արցախի համար շատ մեծ ցուցանիշ էր»։
2020թ․-ին նախատեսված փառատոնը ստիպված են եղել առաջինը հետաձգել կորոնավիրուսի, ապա ամբողջությամբ չեղարկել 44-օրյա պատերազմի պատճառով։ «Դրանից հետո արդեն շատ մեծ ռիսկային էր Արցախում փառատոնի կազմակերպումը», - ասում է Մարիամը, սակայն ընդգծում, որ գաղափարն այսօր նոր կյանք է ստանում Հայաստանում։
Ընկերությունը ծրագրում է «Ժենգյալով հացի» փառատոնը կազմակերպել հաջորդ տարի Ոսկեվազում՝ արդեն մեկ շաբաթ տևողությամբ՝ ներկայացնելով Արցախյան ուտեստներ, վարպետաց դասեր և «ուտեստի պատրաստման ամբողջ բաղադրատոմսն ու բոլոր փուլերը»։
«Պլանավորում ենք արցախցի բոլոր երգիչներին հրավիրել մեր փառատոնին ու շատ մեծ մասշտաբով կազմակերպել փառատոնը», - ասում է Միրզախանյանը։
Ինչպիսին էր անցնող տարին մեղվաբուծության համար՝ հարցին՝ նա պատասխանում է․ «Տարին այդքան էլ բարենպաստ չէր», սակայն ընդգծում է, որ «Haterk Food»-ը դիվերսիֆիկացրել է իր գործունեությունը և աշխատում է Հայաստանի հինգ տարբեր մարզերում, ինչի շնորհիվ որոշ շրջաններում քիչ, իսկ մյուսներում ավելի լավ բերք են ապահովել։
Պարապլաներային էքստրեմալ տուրիզմը Հայաստանում
Մինչև կորոնավիրուսը «Sky Club» պարապլաներային ակումբի հաճախորդների մեծ մասը արտերկրից ժամանած տուրիստներ էին, սակայն վերջին տարիներին պատկերն էապես փոխվել է, և այժմ շուրջ 60 տոկոսը ներքին շուկայի ներկայացուցիչներ են: «Մարդիկ սկսել են ավելի շատ գումար ծախսել էմոցիոնալ երևույթների, իրերի վրա, ինչը գնահատելի է»,-ասում է ակումբի մենեջեր Աննա Սարգսյանը։
Ակումբը տարիքային սահմանափակում գրեթե չի դնում․ թռիչքներին կարող են մասնակցել ինչպես չորս տարեկան երեխաներ, այնպես էլ տարեցներ, և ակումբի պատմության ամենատարեց մասնակիցը եղել է 86-ամյա տղամարդ, որի մանկական երազանքը վերջապես իրականացել է։ Առողջական տեսանկյունից, սակայն, գործում են անվտանգության հստակ կանոններ․ սուր սիրտ–անոթային խնդիրներ, արտահայտված ճնշման տատանումներ, սուր փուլում գտնվող ողնաշարի տրավմաներ, ինչպես նաև հղիությունը համարվում են հակացուցումներ թռիչքին մասնակցելու համար։
Թռիչքները հիմնականում իրականացվում են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, երբեմն նաև Լոռու, Սյունիքի ու Վայոց Ձորի ուղղություններով, երբ եղանակային և աշխարհագրական պայմանները նպաստավոր են։ Աննա Սարգսյանը նշում է, որ Հայաստանը պարապլաներային սպորտի համար ունի գրեթե իդեալական բնական պայմաններ, ինչը գնահատում են նաև ռուսական և եվրոպական ակումբները․ շատ թիմեր, որոնք նախկինում նախընտրում էին Հարավային Ամերիկան, այժմ բացահայտել և ընտրում են Հայաստանն՝ իր ավելի մոտ գտնվելու և բարենպաստ թռիչքային դաշտերի շնորհիվ։
Պարապլաներային թռիչքը չի կարելի համարել մատչելի սպորտաձև։ Արտերկրի գների հետ համեմատելիս Աննա Սարգսյանը նշում է, որ ընդհանուր գնային սեգմենտը համընկնում է, սակայն Հայաստանում փաթեթի մեջ արդեն ներառված են վիդեոնկարահանումը և ապահովագրությունը, մինչդեռ շատ երկրներում դրանք վճարվում են առանձին, հետևաբար, որոշ դեպքերում հայկական առաջարկը կարող է նույնիսկ ավելի մատչելի լինել(45000-180000 դրամ՝ կախված տևողությունից)։
Չօգտագործված պոտենցիալ Սյունիքում
Վահագն Սարգսյանը, որը «ՔՈՍՆԵԿՈԱՐԴ» կազմակերպության տուրիզմի և բնապահպանության փորձագետներից է, Tourism Fair Armenia 2025 ցուցահանդեսը համարում է կարևոր հարթակ ինչպես արտադրանքի առաջխաղացման, այնպես էլ նոր գործընկերներ և հաճախորդների գտնելու համար։
Սարգսյանը միջոցառումը բնորոշում է «շատ կարևոր», քանի որ այն ընդգրկում է ամբողջ շղթան՝ սկսած շփումներից մինչև առքուվաճառք և երկարաժամկետ համագործակցություն։
Փորձագետի ներկայացմամբ՝ իրենց ընկերությունը համադրում է հետազոտական և գործնական գործունեությունը՝ բնապահպանության ոլորտում իրականացնելով ուսումնասիրություններ և միաժամանակ աշխատելով տուրիստական արտադրանքի կատարելագործման ուղղությամբ։
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում ընկերությունը չորս մարզերում (Լոռի, Սյունիք, Արարատ, Գեղարքունիք) ուսումնասիրում է տարածաշրջանային հնարավորությունները, վերհանում է դրական և բացասական կողմերը և ընդհանուր հաշվետվությամբ նախատեսում է ներկայացնել առաջարկներ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ էկոտուրիստական արտադրանքը կազմակերպությունների համար ավելի մատչելի ու կիրառելի դարձնելու նպատակով։
Նա շեշտում է, որ Հայաստանի տուրիստական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում, և դա ոչ միայն ենթադրություն է, այլ տեսանելի իրականություն։ Նա առանձնացնում է Սյունիքի մարզը՝ նշելով, որ այստեղ կա մեծ ներուժ էկոտուրիզմի զարգացման և զբոսաշրջիկների հոսքի ավելացման համար, սակայն ներկայումս այդ պոտենցիալի միայն փոքր մասն է ներառված զարգացման ծրագրերում։
Մասնագետը մատնանշում է մի քանի հիմնական խոչընդոտ՝ ճանապարհների վիճակը, ծառայությունների մատուցման որակը և ոլորտի աշխատակազմի բավարար պատրաստվածության բացակայությունը։
Արդյո՞ք թանկ չէ հանգիստը Հայաստանում։ Վահագն Սարգսյանն ասում է՝ տեղացիների համար հաճախ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը թանկ ուղղություն է։ Բայց եվրոպական երկրների հետ համեմատելիս Հայաստանը միարժեքորեն ամենաթանկ ուղղություններից չէ, բայց կարևոր է գների վերանայումը և ավելի ճկուն գնային քաղաքականության ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների իրական մատչելիություն յուրաքանչյուրի համար։
Սարգսյանը ընդգծում է, որ գնային առումով «լաքշրի» տուրիզմը սովորաբար ավելի թանկ է, քան էկոտուրիզմը։ Նրա ձևակերպմամբ՝ էկոտուրիզմը պատասխանատու զբոսաշրջություն է բնության նկատմամբ, որը հիմնվում է հյուրատների, ավանդական հյուրասիրության, քայլարշավների, ձիավարության վրա, որոնք, ի տարբերություն բարձրակարգ հյուրանոցային փաթեթների, զգալիորեն ավելի ցածր ֆինանսական բեռ են դնում զբոսաշրջիկի վրա։
Հայկական ու միջազգային ընկերությունները՝ մեկ թվային տեղեկատուում
Ցուցահանդեսին մասնակցում էին «ArmProduct.am» (Հայաստանի արտադրող ընկերությունների և ապրանքների կատալոգ) և «Soject» (The World Catalog of FB pages) կազմակերպությունները։ «ArmProduct.am»-ում ներկայացված են 1900-ից ավելի հայկական կազմակերպություններ,որտեղ միևնույն հարթակում ցուցադրվում են թե՛ փոքր, թե՛ մեծ արտադրողների ամբողջ տեսականին։
«ArmProduct» և «Sojest» հարթակները հայկական ու միջազգային բիզնեսների թվային տեսանելիությունն են ապահովում՝ դառնալով ժամանակակից տեղեկատու և որոնման գործիք ձեռնարկությունների համար։
Ընկերությունների տնօրեն Արսեն Ղազարյանը նշում է՝ նախագծի նպատակն է հեշտացնել արտահանման գործընթացը, երբ արտասահմանյան գործընկերները մեկ հարթակում կարողանում են գտնել Հայաստանի արտադրող ընկերություններին և նրանց արտադրանքները։
Եթե «ArmProduct»-ը կենտրոնացած է հայկական արտադրողների վրա, ապա «Sojest»-ը արդեն ներկայացվում է որպես «ավելի միջազգային կայք» և սոցիալական էջերի կատալոգ։ Ղազարյանը ընդգծում է, որ հարթակը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում գտնել ցանկացած ընկերություն կամ անհատ՝ ըստ տեղակայման վայրի, գործունեության ոլորտի, մինչև քաղաքի շրջան և թաղամաս, ինչպես նաև քարտեզի վրա տեսնել, օրինակ, տվյալ տարածքում քանի ծաղկի սրահ կամ վարսավիրանոց կա։
Երկու հարթակներն էլ ստեղծվել են 2020–2021 թվականներին, իսկ վերջին մեկ տարում թիմը «շատ ակտիվ» է աշխատում ՝ փորձելով ավելի ճանաչելի դարձնել ինչպես հայկական արտադրանքը, այնպես էլ հայաստանյան ու սփյուռքի բիզնեսների առցանց ներկայությունը։
Շատ լավ մեկնարկ է․ Մեխակ Ապրեսյան
Tourism Fair Armenia 2025 -ի կազմակերպիչ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ամփոփոում է զբոսաշրջային ցուցահանդեսի արդյունքները։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի երեք օրերին հարթակը վերածվել է զբոսաշրջային ոլորտի բոլոր օղակների հանդիպման վայրի՝ միավորելով տուրօպերատորներին, գործակալներին, հյուրանոցներին, ապահովագրական ընկերություններին։
Ապրեսյանի դիտարկմամբ՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունների մասնակցությունը, այդ թվում վրացական, մոլդովական և իրանական կազմակերպությունների ներկայությունը, զգալիորեն բարձրացրել են միջոցառման կարևորությունը։ Նա ընդգծում է, որ տաղավար չունեցող, բայց որպես գնորդ ժամանած հյուրերը՝ մասնավորապես Ռուսաստանից և Քուվեյթից, ևս կարևոր դեր ունեն հետագա համագործակցությունների ձևավորման տեսանկյունից։
Մեխակ Ապրեսյանի բառերով՝ ցուցահանդեսի գլխավոր արդյունքը լայն՝ բիզնես կոնտակտների ստեղծումն է, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին ներկայացնել իրենց արտադրանքը, գովազդվել և նախաձեռնել նոր գաղափարներ։
«Եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսից հետո առաջին անգամն է, որ նման ցուցահանդես ենք կազմակերպում, և սա նաև շատ լավ ստարտ է։ Ես այդ առումով նույնպես շատ գոհ եմ, որովհետև կայացել է», -ընդգծում է նա՝ հավելելով, որ ձևավորված արդյունավետ մեկնարկը գրավական է, որ հաջորդ տարի ցուցահանդեսի ծավալները, մասնակիցների և այցելուների թիվը առնվազն եռապատկվելու են։
Ապրեսյանը համոզված է, որ ներկայիս ձևաչափը մոտ ժամանակում տարածաշրջանայինից կվերաճի լիարժեք միջազգային հարթակի՝ ներգրավելով ավելի լայն աշխարհագրությունից եկող մասնակիցների և դարձնելով միջոցառումը բազմաշերտ ու բազմապատիկ մեծածավալ։
Գնահատելով ավարտվող տարին զբոսաշրջության համար՝ նա այն բնորոշում է որպես «լավ և խոստումնալից»՝ ընդգծելով, որ ստեղծվել են պայմաններ, որոնք առաջիկա տարիներին հնարավորություն կտան ստանալ ավելի բարձր արդյունքներ ոլորտում։
Tourism Fair Armenia 2025 զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ից 23-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում: