Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակարի կամուրջ
A A
Քաղաքականություն

«Մտածել են՝ իրենց տանում են սպանելու». Արցախից վերջին հայերի հեռանալու մանրամասները․ Ազատություն

Ազատություն ռ/կ

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:

«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», - «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:

Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:

«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», - նշեց Պետրոսյանը:

Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, սակայն՝ առանց որևէ անվանացանկի: Հարազատները այսուայնկողմ ընկած տվյալ էին փնտրում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ