Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Ընդդիմությունը խաղից դուրս` ՀՀ առաջին Սահմանադրությունն ընդունելիս․ Զուգահեռներ (տեսանյութ)

Ընտրական հիշողություններ.

Ինչպե՞ս են փոխվել խաղի կանոնները, դերակատարները, մեթոդները։

«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1991 թ մինչև մեր օրերը։

Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են հիշեցնում  այսօրվա իրականության մասին։

--------------------

-Այսպիսի անկայուն պայմաններում, երբ կուսակցությունները վերջնականապես ձևավորված չեն, չկան լուրջ մրցակից ուժեղ զանգվածային կուսակցություններ, ես կարծում եմ պառլամենտական համակարգը մշտական անկայունության հիմք
կստեղծի Հայաստանում

1995-ի մայիսի 2-ին Գերագույն խորհուրդն սկսում է Հայաստանի ապագա Սահմանադրության շուրջ
քննարկումները։ Իշխանությունն արդեն մերժել էր ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի ներկայացրած
Սահմանադրության նախագիծը։ Քննարկվում էր միայն իշխանության տեքստը: Որոշված էր, որ Սահմանադրությունը
հանրաքվեի կդրվի հենց առաջին գումարման Ազգային Ժողովի ընտրությունների օրը:

Ընդդիմությունը հայտարարում է՝ իշխանության հիմնական օրենքի նախագծում նախագահն ունի գրեթե բռնապետի
լիազորություններ, բոլորին ինքն է նշանակում և ազատում։ Մայիսի 12-ին խորհրդարանը հավանություն է տալիս
հիմնական օրենքի միակ տեքստին։ Քվեարկության օրը խորհրդարանում է նախագահ Լևոն–Տեր Պետրոսյանը։
Ընդդիմությունը հենց խորհրդարանում ժողովրդին կոչ է անում հուլիսի 5-ին «Ոչ» ասել ՀՀՇ–ի Սահմանադրության
նախագծին։

Խորհրդարանը որոշում է, որ հանրաքվեի դրված Սահմանադրությունը կհամարվի ընդունված, եթե «Այո» են
քվեարկել քվեարկության մասնակիցներից կեսից ավելին, բաց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված
քաղաքացիների 1/3-ը:

Պետական նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարում է՝ մենք պարտավոր ենք ունենալ այս Սահմանադրությունը:
Հանրաքվեից մեկ օր առաջ նածագահ Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ ով դեմ է Սահմանադրությանը,
խորհրդարանում անելիք չունի։

Հուլիսի 5-ին գրեթե բոլոր ընտրատեղամասերում արձանագրվում են խախտումներ, քվեարկության օրենքով
սահմանված ամբողջ ընթացքում ընտրություններին չի մասնակցում ընտրական ցուցակներում ընդգրկված
քաղաքացիների 1/3-ը, ԿԸՀ–ն ստիպված օրենքի խախտումով ևս երկու ժամ ավելացնում է քվեարկության ընթացքը։ 3
օր հետո ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրողների 68 տոկոսն «Այո» են ասել իշխանության Սահմանադրությանը։
Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ իշխանությունը երկու անգամ ավելացրել է
«Այո»-ների թիվը: Միջազգային դիտորդները հանրաքվեի քվեարկությունը չեն առանձնացնում Ազգային Ժողովի
ընտրությունների քվեարկությունից՝ ասելով, որ դրանք ազատ էին, բայց ոչ արդար։

Մոտ երեք տարի հետո Վանո Սիրադեղյանը խորհրդարանում պարզաբանում է, որ հենց Լևոն Տեր–Պետրոսյանի
ջանքերով ընդունված Սահմանադրությունն էլ պատճառ դարձավ, որ հայտնի եռյակը կարողանա հասնել նրա
հրաժարականին

Վանո Սիրադեղյան–Վիճակի զարգացումը դրված էր Կոնստիտուցիայի հիմքում, Սահմանադրության մեջ, որը
ընդունվել է 1995 թվականին, որը թույլ էր տալիս, որ նախագահական իշխանությունը կապված անձերի
իշխանության մեջ գտնված գործադիր անձերի աշխարհայացքի փոփոխությունից, քաղաքական հայացքների
փոփոխությունից, համակրանքներից, դառնա միանգամից վարչապետական իշխանություն։