A
A
Իրավական խնդիրը Քոչարյանի համար խնդիր չէ. Կարեն Դեմիրճյանի անսպասելի վերադարձը քաղաքականություն. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը ներկայացնում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։
Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են պատմում դրանք այսօրվա մասին։
Այս շարքը հակիրճ ուղեցույց է անցումային Հայաստանի ընտրական անցյալով՝ առանց մեկնաբանության, առանց չափազանցությունների, միայն փաստերով։
-----------
1998 թվականի նախագահի ընտրություն (2-րդ մաս)
1998թ-ի արտահերթ նախագահական ընտրությունները դարձան առաջին լուրջ
փորձությունը Հայաստանի Սահմանադրության համար, որն ընդունվել էր 1995 թ. հուլիսի
5-ի հանրաքվեով։
Հիմնական հարցն այն էր, որքանով է Մայր օրենքը կենսունակ լուծումներ
առաջադրելու երկրի ղեկավարի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակում։
Մարտի 16-ին կայացած ընտրությունների առաջին փուլում առաջադրվել էր 12 թեկնածու։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրած թիմի թեկնածուն
վարչապետ և նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանն էր։ Նրա առաջադրումն
ուղեկցվում էր իրավական բարդություններով։
Նախագահի պաշտոնը թափուր մնալու պահին Ռոբերտ Քոչարյանն ինքն էր հայտարարում ,
թե դեռ վստահ չէ՝ ունի՞ առաջադրվելու իրավունք, թե՞ ոչ։
Նա մինչև 1997 թ. մարտը եղել էր Արցախի ընտրված նախագահը։ Ըստ օրենքի՝ թեկնածուն
պետք է վերջին տասը տարում լիներ ՀՀ քաղաքացի և մշտապես բնակված լիներ
Հայաստանում։
Հետևաբար, պետք է առաջանային Հայաստանում մշտապես բնակվելու պահանջների հետ
կապված իրավական անհամապատասխանություններ։
Քոչարյանն ընտրությանը մասնակցում էր որպես համաժողովրդական, անկուսակցական
թեկնածու։ Նրա կարգախոսն էր «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»։ Քոչարյանի
կողմնակիցները քարոզում էին, թե միայն նա կարող է համախմբել Հայաստան-Արցախ-
Սփյուռք ներուժը։ Քոչարյանը խոստանում էր հասնել Արցախի խնդրի արդար լուծման։
Այս ընտրություններում առաջին անգամ հանրային կարծիքի առաջատարները «Ղարաբաղ»
կոմիտեի անդամները չէին։ Սրընթաց աճում էր Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի
վարկանիշը։
Բայց Կոմունիստների հնարավոր ռևանշի ֆոնին քաղաքական ասպարեզ վերադարձավ
Խորհրդային Հայաստանի նախկին առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Նա շատ արագ դարձավ
հիմնական ընդդիմադիր թեկնածուն՝ վարկանիշով գերազանցելով թե՛ Սերգեյ Բադալյանին,
թե՛ Վազգեն Մանուկյանին։
Ընտրությունների առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը ստացավ քվեների 38%-ը, իսկ
Կարեն Դեմիրճյանը՝ 30%-ը։ Երկու շաբաթ անց՝ մարտի 30-ին, նշանակվեց երկրորդ փուլ,
որտեղ վճռորոշ նշանակություն ունեցավ պայքարից դուրս մնացած թեկնածուների
դիրքորոշումը։
3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած Վազգեն Մանուկյանն ու Սերգեյ Բադալյանը
պահպանեցին չեզոքություն և իրենց ընտրազանգվածին ուղղորդող կոչեր չարեցին։
Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկելու կոչով հանդես եկան Պարույր Հայրիկյանը,
Արտաշես Գեղամյանը, Հրանտ Խաչատրյանը և Արամ Գասպարի Սարգսյանը։
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Ռոբերտ Քոչարյանը ստացավ
քվեների 59%-ը, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ 41%-ը։
Թեև ընտրության թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլերում արձանագրվեցին ընտրական
խախտումներ, Կարեն Դեմիրճյանը զերծ մնաց կտրուկ գործողություններից. նա իր
կողմնակիցներին փողոց չհանեց, հանրահավաքներ չկազմակերպեց և չբողոքարկեց
ընտրության արդյունքները։
Նա նախընտրեց գնալ իր բնորոշմամբ՝ «պետականամետ ճանապարհով»։ Կարեն
Դեմիրճյանը հիմնեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, իսկ ավելի ուշ՝
պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ձևավորելով «Միասնություն»
դաշինքը, հաղթեց 1999 թ. խորհրդարանական ընտրություններում և ընտրվեց Ազգային
ժողովի նախագահ։