Պարույր Հայրիկյանը բողոքի ակցիա է ուզում անել
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Երեւանի քաղաքապետարան ներկայացրել է իրազեկում մարտի 12-ին՝ ժ.17.00-ին Արդարադատության նախարարության դիմաց հավաք, այնուհետեւ՝ ժ.17.30-ին դեպի Գլխավոր դատախազություն եւ ժ. 17.50-ին՝ դեպի ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Հավաքի հիմք է հանդիսացել Արդարադատության նախարարության պատասխանը: Պարույր Հայրիկյանը հանրագիր է հղել վարչապետին՝ ՀՀ-ում սահմանադրականության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներով, սակայն վարչապետն այդ հանրագիրը փոխանցել է Արդարադատության նախարարությանը: Նախարարությունից էլ պատասխանել են, որ իրենց առաջարկները խորհուրդը նկատի կունենա նոր սահմանադրության տեքստի մշակման ժամանակ:
«Այդ պատասախանով Արդարադատության նախարարությունը հակադրվեց կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին պահանջին, որը կուսակցությունից ստացած հանրագրի համար հստակ սահմանել է քննարկել հասկացությունը: Մեր պարտքն ենք համարում իրազեկել նախարարությունը, որ իրենց պահվածքը համապատասխանում է իշխանության չարաշահմամբ կուսակցությունների մասին պահանջը միտումնավոր խախտելուն»,- գրել է Պարույր Հայրիկյանը:
Այդ օրը Գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացնելու հանցագործության վերաբերյալ: Միաժամանակ ՀՀ կառավարությանը իրազեկելու են, որ երեւույթը չդատապարտելու, մեղավորներին չպատժելու դեպքում այդ բոլոր բացասական երեւույթերի հովանավարը, ավելին կազմակերպիչը իրենց հիմնավոր կասկածով հենց վարչապետն է:
Ըստ կազմակերպչի՝ այդ օրը հավաքին կմասնակցի 100-ից 1000 քաղաքացի: