Վաղն ուշ է լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍամվել Կարապետյանի IA ելույթը
Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը և անցնի սեփական շահերի պաշտպանությանը։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում, որն ուղղված էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի մասնակիցներին։
«Ժամանակն է ուժեղ խաղաղության, վաղը ուշ է լինելու: Հանրահայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ, թույլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, այն պահում են ուժով», - հիշեցրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կուսակցության ծրագիրը նախատեսում է 3 հիմնական ուղղություն՝ հզոր բանակ, գրագետ քաղաքականություն և անկախ տնտեսություն։ Քաղաքական գործիչը նշել է, որ պետությունը սկսվում է սահմաններից, հայրենիքի հանդեպ սերը՝ նույնպես։ Հետևաբար, սահմանները պետք է լինեն անառիկ, պետք է գործեն հետախուզական կենտրոններ՝ ԱԹՍ-ների միջոցով, և ներդրվի վերլուծություն՝ արհեստական բանականության օգնությամբ, նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ վերջին պատերազմները ապացուցել են, որ ցամաքում հաղթանակն անհնար է, եթե պաշտպանված չէ երկինքը։
«Հայաստանը կխոսի աշխարհի հետ վստահ, ուժեղի դիրքից, մեր արտաքին քաղաքականությունը կլինի պրագմատիկ, հավասարակշռված, Արևելքի և Արևմուտքի միջև մեր վարած բանակցությունները կլինեն հստակ, պահպանելով մեր կարմիր գծերը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր ռազմավարական գործընկերների հետ, միաժամանակ՝ խորացնելով կապերը այլ գերտերությունների ու երկրների հետ», - շարունակել է Վարչապետի թեկնածուն՝ հավելելով, որ իր փորձն ու կապերը կօգտագործի Հայաստանին ծառայելու համար։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում հարաբերությունները կհիմնվեն փոխադարձ օգուտի սկզբունքի վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ խաղաղությունը ձեռք չի բերվում թուլության միջոցով, այլ ապահովվում է ուժի միջոցով։ Մենք առաջարկում ենք ամուր, երկարաժամկետ խաղաղություն։