Բացել լրահոսը Փակել լրահոսը
_12A1033
A A
Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։