«Գավառտրանս»-ը տուգանվեց
Գերիշխող դիրքի չարաշահման համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությունը տուգանել է 10 միլիոն դրամով։
Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն, փաստացի ուղևորափոխադրումներ է իրականացրել 1000 դրամով:
Հանձնաժողովի դիտարկմամբ, «Գավառտրանսը» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը և հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին: Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել:
Հանձնաժողովը «Գավառտրանս» ընկերությանը հանձնարարել է հնգօրյա ժամկետում վերացնել խախտումը, «Երևան-Գավառ-Երևան երթուղու ուղևորներից գանձել 500 դրամ, հակառակ դեպքում հրաժարվել լիցենզիայից՝ հնարավորություն տալով այլ տնտեսվարողների աշխատել բարեխիղճ և օրենքի դաշտում:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ողջ փաթեթը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը: