«Մեկ է՝ անցնելու է»-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել․ Խաչատրյան
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով, իսկ Շամիրամում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է համայնքների մեծ մասում։
Բացառություն է Ստեփանավանը, որտեղ ամենաշատ ձայներն ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց Ստեփանավանում՝ 68,83 տոկոս։
«Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ ՔՊ-ի հաջողության հիմնական պատճառը համայնքներում կատարված աշխատանքներն են։ Միաժամանակ նա ընդունել է, որ մրցակցության բացակայությունը կարող է նվազեցնել ընտրողների մասնակցությունը, ինչը, նրա գնահատմամբ, նկատելի էր այս ընտրություններում։
Մրցակցության բացակայությունն ու ընտրողների մասնակցությունը
Խաչատրյանի խոսքով՝ որոշ համայնքներում մասնակցությունն ավելի ցածր է եղել, քան խորհրդարանական կամ նախորդ ընտրությունների ժամանակ։ Դրա հիմնական պատճառներից մեկը, ըստ նրա, կարող է լինել մրցակից քաղաքական ուժերի բացակայությունը։
«Որոշ տեղերում թեկնածուն մի քաղաքական ուժ է եղել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է եղել, իսկ մրցակից չի եղել։ Սա էլ նույնպես, ինձ թվում է, ազդում է մարդկանց ներկայացվածության վրա»,– նշել է պատգամավորը։
Նա, սակայն, չի կարծում, որ ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառը քաղաքացիների անվստահությունն է իշխանությունների նկատմամբ կամ անտարբերությունը։ Նրա խոսքով՝ քվեարկության օրը քաղաքացիների մի մասը բացակայում է համայնքից, մյուսներն առողջական խնդիրներ ունեն, իսկ անտարբեր քաղաքացիները, որպես կանոն, որևէ ընտրության չեն մասնակցում։
Խաչատրյանը նաև ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա․ երբ ընտրողները վստահ են, որ իրենց նախընտրած քաղաքական ուժն առանց իրենց մասնակցության էլ կհաղթի, ընտրատեղամաս գնալու անհրաժեշտություն չեն տեսնում։
«Օրինակ՝ Գորիսում մարդիկ ասում էին, որ դե մեկ է՝ Առուշ Առուշանյանն է քաղաքապետը, էլ ի՞նչ ընտրենք։ Այդ օրը մենք քեֆ կանենք, մեր գործերով կզբաղվենք, միևնույն է՝ անցնելու է։ Այ, այս «մեկ է՝ անցնելու է»-ն շատ վտանգավոր մտածելակերպ է և կարող է այսպես մասնակցության թիվը էականորեն նվազեցնել»,– նշել է պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ Գորիսում ընտրողների մասնակցության 54,54 տոկոս ցուցանիշը լավ արդյունք է՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Իսկ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքի գրանցած արդյունքը նա գերազանց է գնահատել։
ՔՊ-ի հաջողության պատճառները՝ ըստ Խաչատրյանի
Պատգամավորը համայնքների մեծ մասում ՔՊ-ի հաջողության հիմնական պատճառներից է համարել իրականացված շինարարական և ենթակառուցվածքային ծրագրերը՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և այլ օբյեկտների կառուցումն ու բարեկարգումը։
«Մեր քաղաքներում կատարված մեծածավալ աշխատանքները, համայնքներում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Երբևէ մեր ժողովուրդը այդպիսի արդյունքներ չի տեսել մեր մարզային քաղաքներում, մեր համայնքներում։ Նույնիսկ Սովետական միության ժամանակ այսքան շինարարություն ու այս ծավալի աշխատանքներ չեն եղել»,– նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները տեսել ու գնահատել են կատարված աշխատանքները և ցանկություն հայտնել, որ համայնքների ղեկավարները շարունակեն պաշտոնավարել ու աշխատել նույն տեմպով։ Նա նաև նշել է, որ համայնքապետերը խոստացել են առաջիկա տարիներին կրկնակի ավելի լավ աշխատել։
Ստեփանավանում արդյունքը պայմանավորել է մրցակցությունը
Արմեն Խաչատրյանը Ստեփանավանում ընտրողների բարձր մասնակցությունն ու ՔՊ-ի պարտությունը բացատրել է սուր մրցակցությամբ։ Նրա խոսքով՝ այնտեղ ընտրապայքարին մասնակցել է երեք հիմնական ուժ, և ընտրողները հնարավորություն են ունեցել ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի միջև։
«Որտեղ մրցակցություն կա, մասնակցությունը բավականին բարձր է, որտեղ չկա՝ ցածր է»,– ասել է պատգամավորը։
Նախնական արդյունքներով՝ Ստեփանավանում «Գործարար» կուսակցությունն ստացել է ձայների 41,54 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,32 տոկոսը, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 68,83 տոկոս՝ ամենաբարձր ցուցանիշն այս ընտրություններում։
Խաչատրյանի գնահատմամբ՝ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս կատարած աշխատանք ունի, որը բնակիչները գնահատել են իրենց քվեով։
Ինչպե՞ս բարձրացնել ընտրողների մասնակցությունը
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել ուժեղ և պետականակենտրոն ընդդիմություն, ինչպես նաև ամրապնդել հասարակական վերահսկողությունը։
Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո խոսել է պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին՝ թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրությունների մակարդակով։
«Մենք ուզում ենք՝ նոր ընդդիմություն ձևավորվի բոլոր վայրերում և ուժեղանա հասարակական վերահսկողությունը ՀԿ-ների միջոցով, անհատների միջոցով, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Այլընտրանքները միշտ պետք են, մրցակցություն միշտ պետք է, առանց մրցակցության զարգացում չի լինելու»,– ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը կմտածի, թե ինչ միջոցներով և խթաններով կարելի է նպաստել քաղաքական մրցակցության ձևավորմանը։