Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն՝ շուրջ 29.4 մլրդ դրամ պակասուրդով

Տնտեսություն
7ee5b0ecc449d59bd6a67998e3014622

Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 61.3 մլրդ դրամով։ Այն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 15.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 76.2%-ը:

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 540.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.2 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի տարեկան ծրագրի կատարողականը կազմում է 82.6%, իսկ դրանք հաշվի առած` 82.5% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 53.2%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 48.6 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 29.4 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 30.1%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 17.6 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 35.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -6.4 մլրդ դրամ: