Թոփչյանը Իսպանիա է մեկնում, բայց...Սարգսյանի կողքին է (տեսանյութ)
Մոտ ապագայում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկը աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը տեսնելը էդվարդ Թոփչյանի երազանքն է, իսկ սա իրականություն դարձնելու ճանապարհի մեծագույն խոչընդոտը ֆինանսներն են։
«Ես հասկանում եմ, որ որ նվագախմբի երաժիշտներն այսօր վարձատրվում են ավելի շատ, քան մյուս կոլեկտիվները, օրինակ Մայր թատրոնի դերասանները, բայց սա բավարար չէ: Միջազգային ասպարեզ դուրս գալու համար մեծ ֆինանսներ են հարկավոր: Որ մեր երաժիշտները չմեկնեն արտասահման, ու արտասահմանից էլ կարողանանք ներմուծել լավագույն կատարողների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը էդվարդ Թոփչյանը։ Նա չի բողոքում, բայց. «Տոյոտան էլ լավ մեքենա է, բայց դե ԲՄՎ-ին ու Մերսեդեսին չի հասնի»:
Նրա երազանքներից է նաև երաժշտական ակադեմիա ունենալու գաղափարը։ Ամենայն հավանականությամբ՝ նոր հաստատությունն իր դռները տաղանդավոր երեխաների համար կբացի այս տարվա սեպտեմբերին:
Ակադեմիայի գլխավոր խնդիրն է լինելու ֆիլհարմոնիկի համար սերնդափոխություն ապահովելը:
«Այսօր ոչ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը, ոչ Կոնսեվատորիան այս ուղղությամբ չեն աշխատում: Փոխարեն Երիտասարդական նվագախումբը կադրեր պատրաստի ֆիլհարմոնիկի համար, դեռ մի բան էլ մեր տարիքով երաժիշտներին է տանում»,- ասաց Թոփչյանը:
Նա որպես Իսպանիայի նվագախմբի նորընտրյալ դիրիժոր ամսվա կտրվածքով ընդամենը մեկ շաբաթ այնտեղ կլինի, գումարած հյուրախաղերը: Սակայն վստահ է, որ Հայաստանից իր հաճախակի բացակայությունները փաստացի չեն խանգարի ֆիլհարմոնիկի ծրագրերին:
Իսկ տարին, ըստ նրա, խոստումնալից է։
«2012 -ին Ֆիլհարմոնիկը համերգներով հանդես կգա Դուբայում, հոկտեմբերին ու նոյեմբերին՝ Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիաում, Իտալիայում»,- տեղեկացրեց Էդուարդ Թոփչյանը: Աշխատանքներ են տարվում նաև Ճապոնիա, Չինաստան ու Հարավային Կորեա մեկնելու ուղղությամբ: Մեր երաժշտասեր ունկնդիրներին էլ անպայման կուրախացնեն նոր համերգային ծրագրերով:
Ի դեպ, հարցին, թե ում են սատարելու իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Թոփչյանը հայտարարեց. «Եթե մեր նախագահի կողքը նվագելու կարիք լինի, ես դա սիրով կանեմ»։
«Սիրում եմ մեր նախագահին, ու մեր ֆիլհարմոնիկն է սիրում: Իր շնորհիվ մենք այսքան տարի գոյություն ունենք: Ու իր համար նվագելու կարիք որ լինի, մենք կողքն ենք: Կողքն ենք` որպես մարդ, որպես քաղաքական ուժ չէ»,- ասաց նա։