349,780.1 հազ. դրամ՝ գրքասերներին
Ապրիլի 23-ին՝ գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը, Երևանը պաշտոնապես կհամարվի գրքի միջազգային մայրաքաղաք: Մի ամբողջ տարի, մինչեւ 2013 թվականի ապրիլի 24-ը Հայաստանի մայրաքաղաքը կլինի նաեւ ամբողջ աշխարհի ընթերցասեր հասարակության մայրաքաղաքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ։
Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Եղիազարյանը Ա1+ ին տեղեկացրեց, որ նախատեսված ծրագրերն ու միջոցառումներն իրականացնելու համար նախարարությունը հատկացնելու է 349,780.1 հազ. դրամ:
Միջոցառումները հիմնականում կանցկացվեն Երեւանում, սակայն որոշ միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի որոշ մարզերում նույնպես։ Ակնկալվում է արտասահմանյան գրողների, հրատարակիչների, թարգմանիչների և ոլորտի այլ մասնագետների մասնակցություն՝ միջոցառումներին: Տարվա ընթացքում գրքասեր հասարակությանը կներկայացվեն նոր հրատարկված հոբելանական գրքեր, այդ թվում՝ գրաբարից աշխարհաբար փոխադրված «Ուրբաթագրիքը»:
Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանի կարծիքով, Հայաստանը գրքի մայրաքաղաք հռչակելը սև հումորի պես հնչող մի երևույթ է. Քանի որ. «Գիրքն այսօր Հայաստանում նվաստացած, արհամարհված վիճակում է»։
Գրականագետ Հայկ Համբարձումյանն էլ համոզված է, որ ամեն ինչ կախված է գրքի նկատմամբ ոչ միայն պետական, նախարարական, այլև շարքային հայ մարդու` Երևանցու, վերաբերմունքից:
«Նախարարությունը որքան էլ փող ծախսի, երբեք չի կարող փոխել մարդուն: Ոչ մի գումարով էլ հնարավոր չէ մարդուն համոզել գիրք կարդալ ու գնահատել, եթե նա տանը չի տեսել գիրք կարդացող մարդու, մեծանում է հեռուստատեսային սերիալների արժեհամակարգերով և ընդհանրապես հեռու է հոգևոր արժեքներից»,- վստահեցնում է գրականագետը:
Մարինե Պետրոսյանն էլ կարծում է, որ կարևորը ոչ թե միջոցառումների համար նախատեսված գումարի չափն է, այլ իրացման նպատակներն են:
«Հատկացված դրամն ուղղակի ծիծաղելի թիվ ա, բայց խնդիրը նրանում ա, որ փողը կծախսվի ավելի շատ անցյալի, քան ժամանակակից գրողների ու գրականության հետ կապված ինչ-որ ծրագրի վրա»,- նշեց Մարինե Պետրոսյանը: