Դատավորին բոյկոտում են (տեսանյութ)
Զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննության մասնակից կողմերը բոյկոտում են նիստերը Երեւանից Իջեւան տեղափոխելու եւ այնտեղ գումարելու՝ դատավոր Սամվել Մարդանյանի որոշումը։
«Մենք չենք պատրաստվում մասնակցել Իջեւանում կայանալիք ֆարսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
«Իմ պաշտպանյալների համար էլ է դժվար, երկու օր առաջ տանում են, եւ պահում մեկուսարանում՝ հավանաբար 3-4 օր»,- հավելեց Արտակ Նազարյանի սպանության մեջ մեղադրվող Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի շահերի պաշտպան Ալվարդ Մնացականյանը։
Արտակ Նազարյանին 2010թ. ամռանը են գտել մահացած՝ Տավուշի զորամասում։ Նա եղել է պայմանագրային զինծառայող: Արտակ Նազարյանի ինքնասպանության գործով դատավարությունը սկսվել էր Տավուշի մարզի Իջեւանի դատարանում, սակայն Տուժողի իրավահաջորդի բողոքների հիման վրա այն տեղափոխվել էր Երեւան: Այս գործով ոչ միայն տուժողի իրավահաջորդները, այլեւ ամբաստանյալները Երեւանից են, սակայն դատավորը առանց հիմնավոր պատճառաբանության, որոշել է գործը կրկին տեղափոխել Տավուշի մարզ:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ավելի քան վստահ է, որ դատավորը արդարադատություն իրականացնելու նպատակ չունի եւ փորձում է չեզոքացնել հասարակական հնչեղությունը:
«Դատավոր Մարդանյանի առաքելկությունը տվյալ գործով կայանալու է նախաքննական նյութերը հաստատելը»,- վստահեցնում է փաստաբան Շուշանյանը։
Այս պայմաններում, փաստաբանի համար դատավարության ելքը լիովին կանխատեսելի է. «Ես վստահ եմ, որ վկաների մեծ մասը, չի բացառվում, որ դատակոչի ենթակա մյուս բոլոր վկաները նույնպես, չեն ներկայանալու դատարան, նրանք դիմումներ են ներկայացնելու, նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հիմք ընդունելու խնդրանքով եւ դատարանը բավարարվելու է միայն նախաքննական ցուցմունքները հրապարակելով»,- կանխատեսեց փաստաբան Շուշանյանը։
Այս հարցում տուժող կողմի հետ համամիտ են նաեւ ամբաստանյալի աթոռին հայտնված զինծառայողները: Ի դեպ, Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ նրան սպանել են եւ հավաստիացնում, որ ամբաստանյալների մեջ չեն տեսնում մարդասպանին:
Թե տուժող եւ թե պատասխանող կողմերը պատրաստվում են այնքան ժամանակ բոյկոտել դատավոր Մարդանյանի նիստերը, մինչեւ այս գործով արժանապատիվ դատավոր հայտնվի՝ իրականությունը բացահայտելու համար: