ՀԷԿ-ը կաշխատի Ղարաբաղից բերած ածուխով (տեսանյութ)
«Երևան» ՀԷԿ-ն այսուհետ կաշխատի Ղարաբաղից ներկրված ածուխով: Այսօր նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:
«Այս ծրագրով էապես ամրապնդվում է մեր էներգետիկայի անվտանգությունը եւ բարձրացվում է մեր էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճկունությունը եւ արդյունավետությունը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ ածուխը կտեղափոխվի ԼՂՀ Մղավուզի շրջանից: Բեռնափոխադրումը կազմակերպող «Հանա-տրանս» ընկերությունը մոտ 1,9 մլրդ դրամ է ներդրել եւ ձեռք բերել 40 ինքնաթափ ավտոմեքենա, այդ նպատակին ծառայեցնելու համար: Ծրագիրը, ըստ կառավարության անդամների, մեծ հեռանկարներ է խոստանում։
«Էներգետիկ համարգում մենք ունենալու ենք լրացուցիչ ռեսուրս, որը նվազեցնելու է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը»,- հայտարարեց վարչապետը:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ հայտարարեց, որ ծրագրի շրջանակներում մի քանի տասնյակ աշխատատեղեր են ստեղծվելու եւ շեշտեց. «ամենակարեւորը` սա ներքին տնտեսական կոոպերացիայի բավականին լավ օրինակ է Հայատսանի ու ԼՂՀ ընկերությունների միջեւ»: