Թոշակ չեն ստանա, եթե... (տեսանյութ)
Հայաստանից թոշակառուների հեռանալու եւ վերադառնալու փաստերն արձանագրվում են կամ այլ կերպ՝ նրանց հետեւում են արդեն մեկ տարի է։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այսպիսով նախարարությունը փորձում է պայքարել կենսաթոշակային չարաշահումների դեմ եւ այդ քայլին դիմել է «բազմաթիվ բացահայտումներից հետո»։
«Մինչեւ համակարգի ներդրումը թոշակառուն վերադառնալով դրսից, ցանկացել է իրեն հասանելիք թոշակը ստանալ, սակայն պարզվել է, որ իր թոշակը արդեն ստացել են»,- պարզաբանեց վարչության պետը։
Նա չի հերքում, որ թոշակառուի բացակայությունից օգտվել են թոշակ վճարող կազմակերպությունները։
«Վճարող կազմակերպության աշխատակիցը ստորագրում է եւ գումարը գրպանում է»,- ավելացրեց վարչության պետը։
Այսօր Հայաստանում 500.000 կենսաթոշակառու կա եւ Սմբատ Սաիյանի խոսքերով, մինչ նրանց հետեւելու գաղափարն իրականություն դարձնելը, հնարավոր չէր յուրաքանչյուր վճարողի հետ գնալ եւ պարզել՝ թոշակառուն հանրապետությունո՞ւմ է, թե ոչ։
Ի դեպ, եթե թոշակառուն հանրապետությունից բացակայել է 3 տարի, ապա վերադառնալուց հետո իր թոշակը կարող է ստանալ ամբողջությամբ, իսկ եթե բացակայել է 3-ից ավելի տարիներ, ապա կստանա միայն առաջին 3 տարվա թոշակը: