«Facebook»-ը կոմպրոմատ է հավաքում
«Facebook» սոցիալական ցանցում օգտատերերի ջնջած լուսանկարների խնդիրը մնում է անլուծելի։
Ars Technica տեղեկատվական կայքը գրում է, որ ոչնչացված լուսանկարները իրականում ջնջելուց հետո շարունակում են պահպանվել սերվերում եւ ուղղակի հասանելի են դառնում բոլորին։
«Մի շարք օգտատերեր տեղեկանալով այդ մասին, ակտիվորեն սկսել են սեփական հայեցողությամբ օգտագործել նկարները»,- գրում է կայքը, հավելելով, որ արդեն հայտնի են բազմաթիվ «կոմպրոմատներ»՝ սերվերում պահպանված լուսանկարների պատճառով։
Ի դեպ, Twitter-ի ու Flickr-ի օգտատերերը նման խնդիր չունեն։ Սոցիալական այդ ցանցերում ջնջվող լուսանկարները ոչնչանում են մի քանի վայրկյանից։
«Facebook»-ի ներկայացուցիչներն արդարանում են, պատճառաբանելով, որ այդ խնդիրը կապված է սերվերում «քէշ ֆայլերը» կարգավորող ծրագրի հետ, քանի որ ֆայլերի ոչնչացումը կատարվում է ավտոմատ, այդ պատճառով էլ նկարները հասանելի են դառնում այլոց համար։
«Facebook»-ի ղեկավարությունը խոստանում է մոտ ապագայում լուծել խնդիրը։ «Որոշ փոփոխություններից հետո, որոնք կատարվելու են մեկ-երկու ամսում՝ սերվերում նկարները կպահպանվեն 45 օր»,- խոստացել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը։