Պահանջում են չսպանել գայլերին (տեսանյութ)
1 սպանված գայլը ՀՀ կառավարության որոշմամբ արժի 100 հազար դրամ: Գայլերի դեմ ուղղված այս սպանդը նպատակ ունի կարգավորել գայլերի թվաքանակը Հայաստանի տարածքում:
Որսորդներին հնարավորություն է ընձեռված գայլաորսը ավարտին հասցնել մինչեւ ապրիլի վերջը:
Գայլասպանության մասին Կառավարության որոշումը հարուցել է մի խումբ բնապահպանների զայրույթը, որոնք այսօր իրենց մտահոգությունը հայտնեցին լրագրողներին:
«Մեր բնական միջավայրի խեղաթյուրումը բերում է կենդանական աշխարհի այսպիսի իրավիճակի՝ մենք ոչնչացնում ենք մեր կենդանիներին։ Սա կհանգեցնի բնական էկոհամարգի խախտման խնդիրների։ Գայլերի վրա կրակելով ոչնչացնելը խնդրի լուծում չէ»,- հայտարարեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:
«Հայաստանի Թռչունների Պահպանման Միության» հիմնադիր և տնօրեն Մամիկոն Ղասաբյանն էլ համոզված է, որ Գայլի դեմ պայքարը շատ դժվար է։ «Գայլը տարածքային կենդանի է, գայլերը շատ կամ քիչ չեն կարող լինել, գայլերն այնքան են, որքան բնությամբ պետք է լինեն: Կենդանական աշխարհը ինքնակարգավորվող է»,- նշեց պարոն Ղասաբյանը:
Մամիկոն Ղասաբյանը զարմանում է, թե ինչո՞ւ են հենց հիմա հիշել գայլերին և որս սկսել նրանց դեմ:
«Մենք կարող ենք թույլ տալ որսալ գայլերին հենց որսաշրջանի ընթացքում, երբ որսորդներն այսպես թե այնպես կրակում են նրանց վրա»,- նկատեց Մամիկոն Ղասաբյանը:
Բնապահպանական պետական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը, սակայն, հավատացնում է, որ շնագայլերն ու գայլերը վնասատուներ են և նրանց դեմ որսը պետք է և թույլատրելի լինի:
«Կորսան հիմնականում այն գայլերին, որոնք վնասատու են և իրենց տարածքից դուրս են գալիս ու մոտենում բնակավայրեր»,- հայտնեց պարոն Բեգլարյանը:
Բնապահպանության նախարարության աշխատակից Արտաշես Զիրոյանն էլ վստահեցրեց, որ իրենք թե հայրենասեր են եւ թե բնասեր, թե ազգասեր են և թե իրենց գործի գիտակը, և գիտեն, թե ինչ են անում: