Հայտնի են Բուցերիուսի անվան մրցանակակիրները
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան երեկ անձնական բնույթի լուսանկարներով եւ մեկ գրությամբ ծրար է ստացել, որտեղ ասվում է. «Ծախու կին, քեզ լավ պահիր, այլապես՝ կխայտառակենք»։
36-ամյա թղթակից Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի հայտնի հետաքննող լրագրողներից է։ Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել ՝ իր հետաքննական նյութերի համար՝ բացահայտելով պետական ոլորտում, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա մերձավորների շրջապատում տարածված կոռուպցիան։
Ընդամենը օրեր առաջ նա արժանացել է իր հերթական՝ Հերդ Բուցերիուսի անվան մրցանակին։
Fritt Ord (Օսլո) եւ ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Արեւելյան Եվրոպայում Խոսքի ազատության մրցանակին են արժանացել լրագրողներ Օլգա Ռոմանովան (Մոսկվա), Վալերի Կարբալեւիչը (Մինսկ), Խադիջա Իսմայիլովան (Բաքու) , «Украиский тыждень» շաբաթաթերթը (Կիեւ ) եւ «Դոշ» ( Գրոզնի, Մոսկվա ) ամսագիրը։ Հայաստանցի որեւէ լրագրող կամ լրատվամիջոց, ցավոք, այս տարի մրցանակի չեն արժանացել։
Մրցանակները հաղթողներին կհանձնվեն մայիսի 24-ին Համբուրգում։
Հերդ Բուցերիուսի անվան այս մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:
Նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր նաեւ «Ա1+»-ը։ Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն ու դեռեւս միակն է, որն արժանացել է այս մրցանակին:
Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր: