Միտումնավո՞ր են հրդեհել գործարարի գրասենյակը
Ցանկացած պատկեր կարող է վերածվել գորգի։ Իր գործով ապացուցել է Հայաստանում ձեռագործ գորգերի արտադրության հիմնադիր Կարպիս Ջաֆալյանը։ Մինչ նա Ֆրանսիայում է՝ Բուզանդի 4 հասցեում գտնվող նրա սեփականություն հանդիսացող գրասենյակը օրերս հրդեհվել է: Նույն տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ:
«Քանի որ նա սեփականատեր է, դեռ չկա վերջնական համաձայնություն, Ջաֆալյանը առաջարկել է տեղում իրեն քմ -ով հատկացնել տարածք, որը մերժվել է»,- «Ա1+»-ին ասաց Կարպիս Ջաֆալյանի ընկերը՝ Արշակ Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ Բուզանդի փողոցում կառավարությունը մտադիր է կառուցել «Հին Երեւանը», որտեղ լինելու են արհեստանոցներ: Իսկ թե ինչու են ցանկանում Կարպիս Ջաֆալյանից խլել նրա գորգագործական ընկերության գրասենյակը, Արշակ Ստեփանյանի համար անհասկանալի է. «Պատճառաբանել են, որ այստեղ պետք է լինի բանկ»
Կառավարության որոշմամբ տարածքը ձեռք է բերել «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որն էլ ֆրանսահայ Կարպիս Ջաֆալյանին տարածք է առաջարկել Գինու գործարանի հետնամասում։
«Հանրապետության հրապարակին կից տարածքը գինու գործարանի հետ փոխելը չի կարող եւ գնի առումով, եւ տեղի առումով, եւ բոլոր տեսակետներից»,- նշեց Արշակ Ստեփանյան
Ֆրանսահայ գործարարի ներկայացուցիչը դժվարանում է ասել՝ միտումնավոր են հրդեհել իր ընկերոջ գրասենյակը, թե ոչ, սակայն մեկ տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է: Ի դեպ, առաջին հրդեհից հետո գորգեր արտադրող ընկերության գրասենյակը ճանաչվել է վթարային:
«Հիմնական պատ չկա, նայեք փլվում է, լրիվ փլվում է»,- պատերը ցույց տալով նշում է գրասենյակի առաքիչ Շավարշ Վարդանյանը։
Մնացած հարցերի պատասխանների համար Արշակ Ստեփանյանը խորհուրդ տվեց սպասել Կարպիս Ջաֆալյանի վերադարձին: Մեկ ամսից սփյուռքահայ գործարարը Հայաստանում կլինի: