Երինջ են բերում
2012 թվականին տոհմային երինջների ձեռքբերման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կառավարությունը հատկացրել է 615 մլն 896 հազար 900 դրամ։ Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի գործընկերային հիմնադրամից ստացված այդ միջոցներով հանրապետություն կներկրվեն 475 գլուխ տոհմային երինջներ, որոնք, ինչպես նաև դրանցից ստացված սերունդը, կօգտագործվեն տավարաբուծության զարգացմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքներում։
Հանուն սեփական արտադրության հողաթափերի
Կառավարությունը թույլատրել է «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թ. մայիսի 16-ը։ Ընկերությունը դեռևս 1988 թ. ներմուծել է հողաթափերի արտադրության կարուսելային հաստոց և հարակից հաստոցներ և սկսել արտադրություն, սակայն չդիմանալով մրցակցությանը, 2011 թ. ստիպված է եղել դրանք ժամանակավորապես տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ հիմնել համատեղ ձեռնարկություն։ Որոշման ընդունումն ընկերությանը թույլ կտա ՌԴ-ում գործունեության արդյունքում ստացված եկամուտը ծառայեցնել Եղվարդի ֆաբրիկայի զարգացմանը։
Անհատույց ոստիկանական դպրոցին
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 29 հասցեում գտնվող ՀՀ սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները և դրանց զբաղեցրած սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասն անժամկետ և անհատույց իրավունքով ամրացվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին, ինչի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել վերջինիս ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը։
Իր նիստում կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Զաքյան փողոցի N2 հասցեում գտնվող վթարային վիճակում գտնվող շենքն ամրացնել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ Շենքի առաջին հարկը և նկուղը սեփականության իրավունքով կտրամադրվեն շինարարական կազմակերպությանը որպես նշված շինության հիմնանորոգման փոխհատուցում։ Որոշման համաձայն շենքն ամբողջությամբ կնորոգվի առանց պետբյուջեի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում կտեղակայվեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցը։
Արտահերթ ընտրություն
ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։