Պատարագ Համբարձման տոնին
Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ
Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: