Հանդիպում քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը.
«Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակվեն և քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:
Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։