Հարկադիրները երդվեցին
Այսօր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն և սպայական անձնակազմի շարային ստուգատես:
Ծառայության 27 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանը և ժողովրդին: «Վստահ եմ, որ ձեր գործունեությունը ԴԱՀԿ ծառայությունում հաջող ընթացք կունենա և փորձառու աշխատակիցները կօժանդակեն ձեզ համակարգի աշխատանքներին արագ ինտեգրվելու հարցում», - նշեց Միհրան Պողոսյանը:
Երդման արարողությանը հաջորդեցին ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումն ու սպայական անձնակազմի շարային ստուգատեսը, որի ընթացքում ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցեցին աշխատանքային պայմաններում առկա խնդիրների մասին:
Այս մասին հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը։