Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Պաշտոնական
a9004a6bd76516e8b3a25b66c417bb93

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին:

Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան և օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո´ւն մնացեք» (Հովհ. 15.9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեցեք հավատքը, աստվածսիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին:

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենակարողն Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք:

Մեր բարձր գնահատանքն ենք բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին ու ծնողներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար և հայցում, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և հավատքով ու հույսով զորացյալ` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: