Կառավարությունը բացում է գրպանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 30 հազար եվրոյին համարժեք դրամ։
Թալինում ընտրություն է լինելու
ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործող քաղաքապետ Մնացական Մնացականյանը դարձել է պատգամավոր։
Այլեւս ԿԳՆ ենթակայության տակ
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն 2012 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող 10, 2013 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո, ինչը հնարավորություն կտա իրականացնել միասնական կրթական քաղաքականություն։ Այսպիսով, պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կբարելավվի երկրի 55 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը, կբարելավվի միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակը։
Գումար ՀԱՕԿ-ին
2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ։ Եվս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։
Դասական աճուրդ
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լուսմատ» ՓԲԸ-ն մասնավորեցնել դասական աճուրդով` դրանով իսկ վերականգնելով ընկերության կանոնավոր գործունեությունը։
Փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու համար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել է 1 մլն 800 հազար դրամ։