Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը գոհ է ԺՀՄԻԳ-ի զեկույցից

Պաշտոնական
dc8a0a2a4c79d606f910c056cece4773

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Էյմոն Գիլմորին:

ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը :

Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը եւ իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:
Պարոն Գիլմորը կարեւորեց 2011թ. համաներումը, որը, ըստ նրա, կարեւոր նշանակություն ունեցավ երկրում ներքաղաքական կայունությունը ամրապնդելու գործում: Նա նկատեց, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները: Նա կարեւորեց նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ համարեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:
ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների եւ ոտնձգությունների համար, դատապարտեց` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:

Պարոն Գիլմորը նույնպես կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, եւ շեշտեց. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, եւ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որեւէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություը։