Հանդիպում Մայր Աթոռում
Հունիսի 14-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռում պատվիրակությանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Սրբազանն իր խոսքում նաև կարևորեց երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատև պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը հաջողություն մաղթեց պրն. Ռաշիդովին իր պատասխանատու առաքելության մեջ` նշելով, որ առանց մշակույթի ազգերը չեն կարող գոյատևել:
Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները և իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվեց երկու ժողովուրդների ընդհանրությունների և հասարակության կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին: