«Երվերելակ» -ը մասնավորեցվում է
Կառավարության որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով։ Այս ընկերությունը մասնավորեցման է ներկայացվում առաջին անգամ։ Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 257 մլն 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները` 3 մլն 772 հազար 200 դրամ։ Ակնկալվում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնավոր գործունեությունը, ավելացնել պետբյուջեի մուտքերը։
Հավանություն տվեց
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։