Դեսպանը կանի հնարավորը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է:
«Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
: Պարոն Աբրահամյանն ընդգծեց նաեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Պարոն Միկիսկան վստահեցրեց, որ կանի հնարավորը երկկողմ կապերը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:
Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։