Հայկական արտադրանքը կարտահանվի Իրաք
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը:
Իրաքի փոխվարչապետն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Այդ նպատակով առաջին քայլերից մեկը Երևանում Իրաքի դեսպանատան վերաբացումն է լինելու»,- նշել է Ռաուշ Նուրի Շաուեյսը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրաքյան հարաբերություններին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, արդարադատության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հեռանկարային է համարվել հայկական արտադրատեսակների, մասնավորապես, գյուղմթերքների, հանքային և խմելու ջրերի, բնական հյութերի և պահածոների արտահանումն Իրաք: Այդ առումով կարևորվել է հայ և իրաքցի գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը և տեղեկատվության փոխանակումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով, որը կձևավորի երկկողմ համագործակցության ուղղություններն ու կնպաստի համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:
Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։