Դեսպաններին Նախագահի ընտրություններն են հետաքրքրում
Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակության հետ հանդիպմանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, միջազգային կազմակերպություններում իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ձախողում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:
Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտեց Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը` տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին:
ԱՄՆ դեսպան Յան Քելլին դատապարտեց հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու փաստը եւ նշեց, որ իրենք մտահոգված են ցանկացած գործողությամբ, որը կվտանգի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, նրա համոզմամբ, պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:
Նրա հետ համակարծիք էր նաեւ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, ով շեշտեց, որ վերջին իրադարձությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են եւ լրջորեն վնասում են բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ, ինչը դրական գնահատականի արժանացավ նաեւ միջազգային կառույցների կողմից: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:
Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։