Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրակարգում՝ երկու հակամարտություն

Պաշտոնական
b87262efda2e84d587c1dcf8ed5994d1

Շարունակվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս:

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ երոկ կայացել են Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները:

Նախարարները հանգամանալից անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, քննարկեցին վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, որպես մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առաջին քայլ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Կոզակու-Մարկուլիսը նշեց, որ Կիպրոսը հանդիսանում է Հայաստանի աջակիցը Եվրոպական Միության հետ համագործակցության բոլոր ոլորտներում:
Քննարկվել են նաև տարեվերջին կայանալիք Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին առնչվող հարցեր:
Բանակցությունների օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորմանն ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը և երկու երկրների փոխադարձ աջակցությունը միմյանց կողմից այդ ուղղություններով գործադրվող ջանքերին:

Նախարար Կոզակու-Մարկուլիսը հանգամանալից ներկայացրել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական պաշարների օգտագործման Կիպրոսի ինքնիշխան իրավունքի դեմ Թուրքիայի անընդունելի սպառնալիքները և ապօրինի գործողությունները:
Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը՝ Եվրոպական Միության ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասաց. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»:

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարևելյան զարգացումները:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի Նախագահի նախաձեռնության մասին, Կիպրոսի ԱԳ նախարարն ասել է.

«Ես ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հաստատման, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ցավոք սրտի չեն իրագործվում Թուրքիան կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու պատճառով: Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման և հետադարձ քայլեր կատարելու տխուր և երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների և հետագա ապօրինի քայլերի»: