Վարչապետը կսթափվի՞ Սարգսյանի գնահատականից (տեսանյութ)
Այսօր կառավարությունում խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն և այլն, խնդիրներ կան կապված և՛ գնումների, և՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ
Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով: «Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ոչ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում և շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, և Նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց: «Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն Նախագահ, սթափեցնող են և պարտադրում են մեզ բոլորիս՝ էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, և մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: