Մահացել է նախկին դեսպանը
Աջակցիր «Ա1+»-ին
Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 75-րդ տարում մահացել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդուարդ Խոջայանը։
Էդուարդ Խոջայանը ծնվել է 1938թ. Երևանում, ծառայողի ընտանիքում:
1961թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բաժինը։
Աշխատանքային գործունեությունը Էդուարդ Խոջայանը սկսել է 1961թ. Մինսկի ավտոմեքենաների գործարանում՝ աշխատելով որպես թարգմանիչ։ 1964-65թթ. Աշխատել է որպես ավագ թարգմանիչ ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի պետական կոմիտեում։ 1965-1968թթ. ղեկավարել է կոմիտեի թարգմանիչների խումբը Ալժիրում։
1968-ից աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, որտեղ մինչև 1986թ. զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, փոխհյուպատոսի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոններ։ Բացի ԱԳՆ կենտրոնական ապարատից Էդուարդ Խոջայանը երկար տարիներ աշխատել է նաև Լիբանանում և Ֆրանսիայում ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչություններում։
1987-1988թթ. Խոջայանն աշխատել է որպես Հայկական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության կադրերի բաժնի վարիչ։ 1989-1990թթ. Աշխատել է որպես ԽՍՀՄ պետական կոմիտեի "СоюзЭВМкомплекс" միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1990-1992թթ. աշխատել է որպես խորհրդաբրիտանական "Միկրոգրաֆ" ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ։
1992-ից Էդուարդ Խոջոյանն աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ համակարգում։ 1992-1994թթ. զբաղեցրել է ներկայացուցչությունների հետ կապի բաժնի վարիչի, Եվրոպական երկրների վարչության պետի պաշտոնները։
1994-1996թթ. հանդիսացել է ԵԽ փրկարարների պատրաստման երևանյան տարածաշրջանային կենտրոնի գործադիր քարտուղար, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների վարչության արտաքին կապերի բաժնի վարիչ։
1997-1998թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում որպես Եվրոպայի վարչության պետ, իսկ այնուհետև Կանադայում ՀՀ դեսպանությունում որպես խորհրդական։
1998-1999թթ. աշխատել է որպես ԱԳ նախարարի խորհրդական։
1999-2004թթ. նշանակվել է ՀՀ դեսպան Իսպանիայում և Պորտուգալիայում։
2005-2006թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ, իսկ 2006-2007թթ.՝ ԱԺ նախագահի խորհրդական։
2006-ից Էդուարդ Խոջոյանը հանդիսանում էր Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոսը Հայաստանում։
Էդուարդ Խոջոյանը 2009-ին Իսպանիայի թագավորի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկի պարգևի սպայական խաչով։ Իզաբելա Կաթոլիկի պարգևի ասպետ էր։
Էդուարդ Խոջայանի որպես վառ անհատականության, հմուտ դիվանագետի եւ մեծ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Էդուարդ Խոջայանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ք. Երեւան Զառոբյան 10/2 հասցեում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին ժամը՝ 15:00, նույն հասցեից: