Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը ներկայացրեց նոր ռեկտորին

Պաշտոնական
3030520ec582ade42b683ac2af6432ad

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին ներկայացրել է աշխատանքային գերակայությունները:

«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը։

Նա շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։