Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ աջակցությունը՝ արտոնության տեսքով

Տնտեսություն
a5220a53659eb1273656218e00751ef4

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ներկայացրել է «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը։

Նախագծով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ` նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների մասով ՀՀ-ում առաջացող հարկերի եւ մաքսային վճարների վճարումները: Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունները:

ՄԱԳԱՏԵ-ի պահանջով

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Օրենքների նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ( ԱԷՄԳ) միջեւ կնքված համաձայնագրի, «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության պահանջներից` ապահովելու ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջը:

Մեկ տարով հետաձգվեց

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար համարեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: