Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴՄ կտրոնների «լացակումած հետեւանքները»

Տնտեսություն
1e60fc2d6995ff55d9a1886edbbee243

Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության պետ Արմեն Ալավերդյանն այսօր ԱԺ-ում 2011թ: բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշեց, որ հարկային վարչարարության տեսանկյունից բավականին առաջընթաց է արձնագրվել.

«Հաջողվեց ստվերային շրջանառությունը կրճատել: Մեր պայքարի ոլորտներից մեկը մանրածախ առեւտուրն էր, որտեղ գերիշխում էր ստվերը: Օրինակ՝ ՀԴՄ կտրոններով խաղարկումներով էլ ավելի փորձեցինք հարկային դաշտը վերահսկելի դարձնել, եւ, իսկապես, այդ համակարգն իրեն արդարացրեց: Պետք է նշել, որ սվեր կա բոլոր ոլորտներում, եւ դա հիմնականում պայմանավորված է հաշվառման թերությունների հետ, եւ հսկողությունը միշտ չէ, որ արդյունավետությամբ է իրականացվում: Միաժամանակ ուզում եմ ավելացնել, որ 0.4 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ է արձանագրվել: Սա կարելի է մեծ ձեռքբերում համարել, սակայն մենք ավելիին ենք ձգտում»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդլյանին հետաքրքրում էր մասնավորապես ՀԴՄ կտրոնների խաղարկություններն ու դրանց նախապատմությունը: Նա նշեց, որ Թուրքիայում կիրառվեց մանրածախ ոլորտում հաշվառում անելու վերաբերյալ նախագիծը, որը այդ երկրում լրջագույն բարեփոխումների բերեց. «Մեզ մոտ դա արտահայտվեց ՀԴՄ կտրոնների տեսքով: Մարդը հավաքում էր կտրոննեը, ներկայացնում էր հարկային մարմիններ ու դրա դիմաց գումարային փոխհատուցում էր ստանում: Սկզբում մեզ մոտ կիառվում էր ներկայացված կտրոնների դիմաց 3, ապա՝ 2 տոկոս փոխհատուցումը, իսկ հետո՝ անցանք հեռուսատատեսային խաղարկային ձեւին: Ինձ հետաքրքրում էր, թե մենք ի՞նչ ստացանք այդ գործընթացից»:

«Լացակումած հետեւանքներ ունեցանք բյուջեի վրա: Սկզբում մենք մարդկանց վերադարձնում էինք կտրոններով ներկայված գումարի 3 տոկոսը: Հետո տեսանք, որ դրա տակից դուրս չենք գալիս, ունենում ենք 5 մլրդ կանխիկ ծախս բյուջեում, դարձրեցինք մեկ տոկոս, ու սկսեցին ի հայտ գալ քրեական երեւույթներ: Մի քրեական գործով կարող եմ ասել, որ 200 մլն դրամից ավելի բյուջեից կորզում էր տեղի ունեցել, ուղղակի ուսանողները կարողացել էին ձեռք բերել եւ ՀԴՄ, եւ գրանցել կազմակերպություն, եւ դուրս գրել կտրոններ: Քանի որ տեսանք, որ ռիսկը մեծ է, մենք այդ ամենը փոխարինեցինք մեքենաների խաղարկությամբ, ինչը մեր ժողովուրդը շատ է սիրում բոլոր ժամանակներում: Ճիշտ է՝ մեր գովազդը շատ չէ «Ընտանեկան լոտո»-ի կամ մյուսների հետ համեմատած, սակայն մեր ժողովուրդը հավատաց եւ շահեց»,- ասաց Արմեն Ալավերդյանը

Նա նաեւ հպարտացավ, որ այդ ամենի արդյունքում գրեթե բոլորն արդեն ՀԴՄ կտրոններ են պահանջում ու հատկապես թոշակառուները: «Իհարկե, սա հավերժ չէ, ինչ-որ պահի կտրվելու է ավելի արդյունավետ մեխանիզմներով: Ի դեպ, հիմա շրջանառվում է մեկ ուրիշ նախագիծ, որպեսզի պաշտպանված ՀԴՄ-եր լինեն, քանի որ սուպերմարկետներն ու խոշոր խանութները ձեւ են գտել, որ ՀԴՄ կտրոններ տալով մեկտեղ մանիպուլյացիաներ անել եւ ֆիսկալների հիշողության մեջ ներթափանցել: Այդպիսի կասկածներ, կներեք, մենք ունենք»:

Իսկ ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2011թ. տնտեսական եւս մի քանի ցուցանիշներ, նշեց, որ ներկայացվող տարում 94,2 տոկոսով ավելացել են պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նա չկարողացավ պատասխանել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցերին, թե տնտեսության որ ճյուղերն են եղել մաքսիմալ արդյունավետ ու որքան է եղել բյուջեից ֆինանսավորումը: Բացի այդ, պատգամավորին հետաքրքրում էր, թե ԼՂՀ-ին տրվող միջպետական վարկից որքանն է, որ գեներացվում է ԼՂՀ տնտեսության հաշվին, եւ որքան է եղել ՀՀ օժանդակությունը:
«Ես համադրված տեղեկատվություններ այս պահին իմ ձեռքի տակ չունեմ»,- եղավ Գլխավոր գանձապետի արձագանքը: