Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոլեգիան կողմ էր

Հասարակություն
fb3eca814a59b8de68c0b03fe6e14b1e

Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագիծը քննարկվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ։ «Քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասն արդեն ներառված է այսօր ներկայացվող նախագծում»,- ասաց նախարարը։
Նախագծում ամրագրված դրույթներով` արտացոլվում են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Կոլեգիայի անդամներ Արա Բաբլոյանը, Վիլեն Հակոբյանը, Աստղիկ Միրզախանյանը հանդես եկան կարծիքներով և առաջարկներով։ Արա Բաբլոյանը, նշելով, որ լուրջ աշխատանքի արդյունքում հաջողված նախագիծ է պատրաստվել, առաջարկեց, որպեսզի Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի գալիք քննարկմանն աշխատանքային խմբի 2-3 անդամ մասնակցի։

«Այս օրենքի ընդունումը խիստ արդիական է և, կարելի է ասել, նույնիսկ` ուշացած։ Այսօր կայացած նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները կքննարկվեն իրավաբանների ու փորձագետների հետ և ընդունելի առաջարկները կընդգրկվեն նախագծում։ Մենք այլևս ժամանակ կորցնելու իրավունք չունենք և կառավարությունում և Ազգային ժողովում քննարկումներին զուգահեռ շարունակենք աշխատել ենթաօրենսդրական ակտերի վրա։ Իսկ մինչ այդ նախագիծը կուղարկվի պատկան բոլոր մարմիններին, մարզերի մեր գործընկերներին` նրանց կարծիքներն ու առաջարկությունները ևս ստանալու նպատակով։ Նախագիծը նաև կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում։ Պատրաստ ենք լսելու բոլորի կարծիքը։ Մենք շատ կարևոր մի աշխատանքի հիմնաքարն ենք դնում»,-ամփոփելով կոլեգիայի նիստը ասաց նախարար Դումանյանը։

Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և որոշեց նիստի ընթացքում կատարված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։

Այս մասին հայտնում Է ԱՆ մամլո ծառայությունը։