Աշոտյանի խորհուրդը
Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանից հեռացված ուսանողներն օրեր առաջ իրենց դժգոհությունն էին բարձրացրել մամուլում՝ կապված կրթության և գիտության նախարարության նոր որոշման հետ: 2012-ի հունվարից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ փոխվել են քննությունների հանձնման համապատասխան ընթացակարգերը՝ ուսանողներին թույլատրելով ունենալ որոշակի՝ մինչև 12 կրեդիտ պարտքեր:
Համապատասխան ակադեմիական կրեդիտներ չհավաքելու, «պարտքերի» պատճառով բուհից հեռացված ուսանողները հայտարարել էին, թե ԿԳՆ նոր որոշումը պետք է ազդեր միայն 2012 թվականին բուհ ընդունված ուսանողների վրա, քանի որ իրենք բուհի հետ կնքած իրենց պայմանագրում նման կետի չեն հանդիպել:
Հեռացված ուսանողների դժգոհության վերաբերյալ «Pastinfo.am»-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից: «Կարծում եմ՝ լավագույն պարզաբանումը ծանոթացումն է համապատասխան որոշմանը: Այդ որոշումը տարածվում է բոլոր ուսանողների վրա: Եթե նոր որոշումը չլիներ, ավելի շատ ուսանողներ կհեռացվեին»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է ուսանողների այն դիտարկմանը, թե իրենց ընդունելության ժամանակ պայմանագրում նման կետ չի եղել, Ա. Աշոտյանը նշեց, որ պայմանագիրը չի կարող ներառել ՀՀ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով սահմանված բոլոր նորմերը: Այն ենթադրում է, որ կրթական գործընթացը պետք է կազմակերպվի ՀՀ օրենսդրության սահմաններում, ինչն էլ արվում է: «Պետք է ավելի լավ սովորել, ավելի շատ ուշադրություն դարձնել դասերին»,- խորհուրդ տվեց նախարարը:
«Փաստինֆո»