Դեսպանը զրուցել է Գալուստ Սահակյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ տարիներ շարունակ ինքը ղեկավարում է Հայաստան-Իրան բարեկամական խումբը, քաջատեղյակ է երկու երկրների քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրներին եւ միշտ կողմ է եղել ու ամեն ինչ արել՝ ամրապնդելու կառուցողական ու փոխշահավետ համագործակցությունը:
Նա կարեւորեց խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտության դերը երկու երկրների արդյունավետ ու կայուն հարաբերությունների զարգացման գործում:
«Երկու երկրների ու ժողովուրդների՝ դարերով ձեւավորված ավանդական կապերի ամրապնդման անհրաժեշտությունն էլ ավելի է մեծանում փոխշահավետ ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ Իրանը շուտափույթ լուծի իր խնդիրները, քանզի ինչքան Իրանը կայուն լինի, այնքան մեր փոխհարաբերությունները ավելի կամրապնդվեն»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի եւ ընդունելության համար ու հավաստիացրեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին նույն տեսակետն ունեն նաեւ Իրանի իշխանությունները: Նա հույս հայտնեց, որ կիրականացվեն տնտեսական ոլորտի փոխշահավետ ռազմավարական ծրագրերը, որոնց հետ կապված խնդիրները հանգամանորեն կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, կհստակեցվեն ժամկետներն ու անելիքները: Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին Գալուստ Սահակյանին ներկայացրեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նոր կազմը՝ փոխանցելով նաեւ խմբի անդամների՝ հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ խորհրդարանական համագործակցությանը, քաղաքական ու տնտեսական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող այլ հարցեր:
Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։