Արման Բաբաջանյան. «Ավելի ազատ ենք, քան Քոչարյանի օրոք» (տեսանյութ)
Հայ մամուլի օրն այսօր նշվեց՝ տպագիր թերթերին աղոտ ապագա կանխատեսելով։
«Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ լուրջ հեռանկար թղթային թերթերի համար այլևս չկա: Հայաստանի դեպքում դա արտահայտված է շատ ավելի վառ, քան մյուս երկրներում: Հեռարձակվող լրատվամիջոցները նույնպես չօգտագործվեցին և լուրջ փոփոխություններ Հայաստանում չբերեցին: Հեռուստատեսությունն այսօր զիջում է այլընտրանքային լրատվական միջոցներին»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ լրատվամիջոցները հասարակական կարծիքի ձևավորման գործիք են.«Կա ևս մեկ հանգամանք էլ, թե լրատվամիջոցներն ինչպես են ազդում հասարակական վարքագծի վրա և իշխանությունների կողմից ընդունված որոշումների վրա»։:
«Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էլ իր հերթին հիշեց այն վայրիվերումները, որ անկախությունից հետո գրանցեվին մեր մամուլի դաշտում:
«Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք, քան երբևէ եղել է: եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հատվածը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին մեկ ու կես տարվա հետ, ապա բավական ազատություն ենք ստացել»,-ասաց Արման Բաբաջանյանը:
Նա կարծում է, որ շատ շուտով նախագահական ընտրությունները վերջ կդնեն մի քանի թերթերին, որոնք այլևս կենսունակ չեն. «Էլեկտրոնային դաշտը տարածաշրջանում ամենաանկախն է: Մարտի 1-ից հետո հայտարարված այն քսանօրյա արտակարգ դրությունից հետո մեր բնակչությունը շատ գրագետ դարձավ ինտերնետից օգտվելիս, մարդիկ սկսեցին վստահել էլէկտրոնային լրատվամիջոցներին: Մենք այսօր կրեատիվ մտքի խնդիր ունենք: Նոր իրականությունը նոր պայքարի միջոցներ է ենթադրում: Մենք համատարած պրոֆեսիոնալիզմի, 21-րդ դարին հարիր լրատվության խնդիր ունենք: Ես միշտ հայ իրականությունը նմանեցնում եմ այն աղբակույտին, որտեղ հնարավոր չէ ճերմակ ձեռնոցներով մարգարիտ հանել»:
Այսօր Հայաստանում գործում է 27 արտոնագիր ունեցող հեռուստաընկերություններ, 17 ռադիոընկերություն, 40 թերթ, 10 ամսագիր , 80 առցանց տեղեկատվական լրատվամիջոցներ։