Ռուսներից ավելի շատ ենք օղի սպառում (տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարը կամ նրա ներկայացուցիչներն ամեն օր այցելում են խաղող մթերող «Վեդի Ալկո» ընկերություն տեղեկանալու՝ հո ընկերությունը չի՞ փոշմանել եւ հրաժարվել մթերել գյուղացիների խաղողը:
Ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը վստահեցնում է, չեն փոշմանել, բայց այնպես չէ, որ իրենց գործերն իդեալական են. «Մեր ընկերության արտահանման ծավալները մոտավորապես 50 տոկոսով կրճատվել են»։
Ինչու՞ է իշխանությունը սեփական բիզնես ունեցող ընկերությանը պարտավորեցնում գյուղացիներից խաղող մթերել, եթե նվազել են արտահանման ծավալները եւ, ինչպես տեղեկացրեց պարոն Ղազարյանը, կորցրել են իրացման ամենամեծ շուկան՝ ռուսականը. «Իշխանությունն էլ իր ֆունկցիան է կատարում, մտահոգված է»։
Պարոն Ղազարյանը չի ասում, թե իշխանությունն իրեն ստիպում է խաղող մթերել, սակայն խոստովանում է, որ մթերման կարիք բացարձակապես չունեն. «2010 թվականի ամբողջ բերքը դեռեւս մեզ մոտ է»։
Հարկադրված խաղող մթերելու ամբողջ գործընթացը պարոն Ղազարյանը բացատրում է այսպես՝ չենք ուզում, որ գյուղացիների համար վատ լինի, մթերում ենք անկախ նրանից՝ մեզ պե՞տք է այդ խաղողը, թե պետք չէ։
Ի դեպ, ընկերության սեփականատերը հարկադիր մթերման փակագծերը բացեց նաեւ այն փաստով, որ ըստ նրա, հայերն սկսել են ավելի քիչ գինի խմել, փոխարենը օղի են սիրում
«Մենք ռուսներից ավելի շատ օղի սպառող ժողովուրդ ենք դարձել»,- ասաց նա։