Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել

Պաշտոնական
d14991a0505553739f423ad587f01508

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 25-րդ նիստը:

Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «Դրա էությունն այն է, որ պետությունը պետք է ավելի նախաձեռնողական լինի տնտեսական ու սոցիալական կյանքի կազմակերպման գործում: Առաջին անգամ սկսեցինք իրականացնել արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականություն»:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ համալիր ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի օժանդակությամբ և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ և ուղղված է արտահանման ներուժի բացահայտմանը: Վարչապետի խոսքով` մանրակրկիտ ուսումնասիրվել է 11 ճյուղ, և պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո ձևավորվել է նոր պլատֆորմ. «Ենթադրվում է, որ այդ 11 ճյուղերում պետությունն ու մասնավորն ստորագրում են համաձայնագրեր, որոնցով ամրագրվում է ընդհանուր գաղափարախոսությունը, ինչպես նաև ստանձնվում են հստակ պարտավորություններ: Պետությունը հստակ արձանագրում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում այդ ոլորտը զարգացնելու համար, ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում, մասնավոր հատվածն ստանձնում է պարտավորություններ` իրականացնել ներդրումներ և ավելացնել արտադրության ծավալը, որոնք միտված են լինելու արտահանմանը: Արդեն այդպիսի համաձայնագրեր ենք ստորագրել դեղագործության և կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների հետ` յուրաքանչյուրը մոտավորապես 20 ձեռնարկություն, և երրորդ բնագավառը կլինի ճշգրիտ հաստոցաշինությունը: Մնացած ուղղություններով ևս ունենք մանրամասն պատրաստված փաստաթուղթ»: