Նախարարն ակնկալում է ընդունելի մոտեցումներ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ երեկոյան ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաև Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։
Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։ Նախարարն առաջին հերթին անդրադարձել է «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կառավարում» վարկային ծրագրին։
Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:
Երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով նախատեսվում է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում, այդտեղ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծում, Ուռուցքաբանության, ինչպես նաև Վանաձորի նոր բժշկական կենտրոնների կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Այնուհետև նախարար Դումանյանը ՀԲ-ի երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության նախագնահատման առաքելության աշխատանքային խմբի հետ քննարկեց ծրագրով նախատեսվող մյուս բաղադրիչների իրականացման հետ կապված հարցեր։ Խմբի փորձագետները պատրաստակամություն հայտնեցին մինչև իրենց առաքելության ավարտն աջակցել նախարարությանը։
Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի ու քննարկումների համար և հույս հայտնեց, որ միասին կկարողանան գտնել առաջին հերթին սոցալապես անապահով խմբերի, երեխաների և կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման երկկողմանի ընդունելի մոտեցումներ։