Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը Մեխիկոյում դժգոհություն է հայտնել

Պաշտոնական
32adb19ae91d4c1daa1bf00134459d79


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է այցելությունը Լատինական Ամերիկա։

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ:
Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ

Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվել է այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրեցին «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշեց, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասաց նախարար Նալբանդյանը:

Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Դիվանագիտական ուսումնասիրությունների Մատիաս Ռոմերոյի անվան ինստիտուտում, որտեղ ներկա էին Մեխիկոյում հավատարմագրված դեսպաններ, արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, դասախոսներ ու ուսանողներ: Ելույթին հետո նախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նախարար Նալբանդյանը նշեց. «Կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու նպատակով: Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով, Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում և վաճառվում է»:

Արձագանքելով ներկաների հնչեցրած դժգոհությանը Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրման կապակցությամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց. «Թե Մեքսիկայում, թե աշխարհով մեկ արձագանքները միանշանակ են, դրան անդրադարձել են մարդու իրավունքներով զբաղվող փորձագետներ, առաջատար լրատվամիջոցներ. CNN, BBC, Associated Press, Reuters, Agence France Press, Time, New York Times, Los Angeles Times, The Washington Post: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, կարող եմ ասել, որ համակարծիք եմ արտահայտված տեսակետներին:
Ադրբեջանի նախկին ղեկավարի հուշարձանի ցուցանակը ավետում է, որ ԿԳԲ-ի նախկին պետը միջազգային խաղաղությանը նվիրվածության փայլուն օրինակ է, ով առաջնորդել է Ադրբեջանը դեպի ժողովրդավարություն: Պատկերը ճշմարտությանը համապատասխանեցնելու նպատակով ճիշտ կլիներ ավելացնել, որ մարդու իրավունքների տարբեր կառույցների կողմից այդ երկիրը դասվել է աշխարհի ամենակոռումպացված և հակաժողովրդավարական երկրների շարքում, որ այդ երկիրը դարձել է ուժի կիրառման սպառնալիքների և պատերազմ հրահրելու աշխարհի չեմպիոն»: